ՄԽիթարյան միաբանության մասին

Ազգը չզոհել կրոնին, և կրոնը ազգությանը․ Այսպիսի հավատանքի հիման վրա է ստեղծվել Մխիթարյան միաբանությունը։ Այն Հայ կաթոլիկ եկեղեցու վանականների միաբանություն է, այլ խոսքով կրոնական և մշակութային կազմակերպություն, որը Եվրոպայում հայկական հին մշակույթի ու հնագույն ժառանգության այցեքարտն է։ 

Միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին։ Նրա կյանքի երազանքն է եղել ստեղծել միաբանություն, որը նվիրված կլինի հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակի բարձրացմանը։ 20 տարեկանում Սեբաստացին քահանա է կարգվել։ Տարիների ընթացքում նա ծառայել է մի քանի վանքերում, եղել է նաև Էջմիածնում։ Բայց երկար որոնումների արդյունքում նա հասել է Կոստանդնուպոլիս, հենց այստեղ մի խումբ հայ երիտասարդների հետ 1701 թվականին հիմնում է Մխիթարյան միաբանությունը։ Սկզբում լատիներենից հայերեն հոգևոր գրականություն են թարգմանել, բայց Պոլսում պայմանները բարենպաստ չէին։ Մխիթարյանները հայտնվել էին լուսավորչական և կաթոլիկ հայերի պայքարի կենտրոնում։ Շուտով ստիպված տեղափոխվում են Իտալիա։ 1717 թվականին էլ Վենետիկի ծերակույտը քաղաքից դուրս գտնվող Սուրբ Ղազար կղզին շնորհում է միաբանությանը։ Սկզբում Սուրբ Ղազարը անշուք մի կղզի էր, որտեղ շուրջ 2 դար ապաստանել էին բորոտները, իսկ ավելի ուշ բացարձակապես լքվել էր։ Մինչև 1740-ականներ Սեբաստացին բարեկարգում է կղզին։

Այսօր երբ մտնում են միաբանությունն ու իմանում են ամբողջ պատմությունը, ուղղակի ապշում են, թե ինչպես կարող է մի մարդ նման ահռելի գործ կատարել։ Դե իսկ կղզու հենց մուտքի մոտ գրված է «Բարի եկար, հայրենակից»։ Միաբանություն են այցելել նշանավոր անձիք, պատմական դեմքեր, և բոլորը հիացած հեռացել են կղզուց։ Անգամ Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքների ժամանակ հրաման արձակեց, որ պետք է փակվեն բոլոր իտալական վանքերը, և Մխիթարյանականները կարողացան բացատրել Բոնապարտին, որ այն շատ հետաքրքիր և արժեքներ ստեղծող միաբանություն է։ Հատուկ հրովարտակով միաբանությունը ոչ միայն պահպանվեց, այլ նաև ակադեմիայի կարգավիճակ ստացավ։ Ավելի քան երեք հարյուր տարվա պատմություն ունեցող միաբանությունը միանգամից մի քանի եվրոպական ակադեմիանների գործ է արել։ Միաբանությունում զբաղվում են հայրենագիտական, բանասիրական, բառարանագիտական, թարգմանչական գործերով, կամ ինչպես հենց Սեբաստացին էր ասում հայկաբանությամբ։ Եվ այդ ամենն արվում է հանուն մեծագույն նպատակի՝ հանուն հայ ազգի լուսավորման։

Leave a comment